ԱԺ նախագահը կքննարկի Ալիևի հակահայկական հայտարարությանը խորհրդարանի մակարդակով արձագանքելու հարցը
ՔաղաքականԱզգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին առաջարկեց քննարկել Աստանայում թուրքալեզու ժողովուրդների 5-րդ գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական հայտարարությանը որևէ կերպ արձագանքելու հարցը:
«Աստանայում մեկ շաբաթ առաջ տեղի է ունեցել թուրքալեզու պետությունների 5-րդ գագաթնաժողովը, որի ժամանակ Ադրբեջանի նախագահն արդեն որերորդ անգամ կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի նորմերը: Ես ուղղակի մեջբերեմ նրա ձևակերպումը. «Զանգեզուրը հին թուրքական հող է, Ադրբեջանի հնագույն տարածք, և Զանգեզուրը աշխարհագրորեն խախտում է թուրքական աշխարհի աշխարհագրական միասնությունը»: Ես հետևում եմ, և պաշտոնական Երևանից որևէ արձագանք չկա, այնինչ ադրբեջանական մամուլը սա շատ բուռն քննարկում է: Գուցե մենք որևէ խողովակ գտնենք որևէ կերպ այս հայտարարությանն արձագանքելու համար: Ես հասկանում եմ, որ այս հարցը մենք չենք կարող մեր օրակարգում ընդգրկել, սակայն կարծում եմ` կարող ենք գտնել խորհրդարանական մակարդակով որևէ կերպ այս հայտարարությանն արձագանքելու եղանակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դիմելով ԱԺ նախագահին` ընդգծեց Վահե Հովհաննիսյանը:
ԱԺ նախագահը խոստացավ, որ իր մոտ առանձին քննարկում կհրավիրի հասկանալու համար հարցի էությունը: «Ես կարող եմ առանձին խորհրդակցություն հրավիրել: Ես կարծում եմ, որ ամեն հիվանդի հայտարարությանն անընդհատ չի կարելի արձագանքել, մանավանդ որ այդ ամենին արձագանքում է ողջ աշխարհը՝ Եվրախորհրդարանը, ԱՄՆ-ն և այլն: Սակայն ես կհրավիրեմ ինձ մոտ, կքննարկենք Ձեր առաջարկը»,- ասաց Սահակյանը: