«Արարատ» ֆուտբոլային ակումբը կմեկնի ԱՄՆ
ՍպորտԵրևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը 2016-ի փետրվարին «Վենտուրա Քաունթի Ֆյուժն» ակումբի հրավերով նախատեսում է մեկնել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգ` ուսումնամարզական հավաքի:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից: Նախատեսված են մի քանի ստուգողական հանդիպումներ «Վենտուրա Քաունթի Ֆյուժնի» և տեղի այլ թիմերի հետ: «Արարատը» կհանգրվանի Crowne Plaza հյուրանոցում և կմարզվի Ventura Sportsplex մարզահամալիրում, որտեղ ժամանակին հավաք են անցկացրել Անգլիայի «Վեստ Բրոմվիչ», «Սուոնսի», Շվեդիայի «Համարբյու», ԱԻԿ, ՄԼՍ-ի «Պորտլենդ Թիմբերս» և «Սիեթլ Սաունդերս» թիմերը: