Ո՞րն է սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը. պարզաբանում է Վ. Պողոսյանը
ՔաղաքականՀՀ Ազգային ժողովում ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը, ներկայացնելով նոր Սահմանադրության նախագիծը, հայտարարեց. «Յուրաքանչյուր ժամանակակից Սահմանադրություն ունի երկու հիմնական խնդիր՝ երաշխավորել մարդու հիմնական իրավունքները և սահմանել ժողովրդավարության և իրավական պետության պահանջներին համապատասխանող պետական իշխանության մարմինների համակարգ: Սահմանադրություններն ի սկզբանե ստեղծվում են երկար կյանք ունենալու ակնկալիքով, այնպես որ պետք է ունենան այնպիսի բովանդակություն, որ մի կողմից արգելք չհանդիսանա՝ ընթացիկ օրենսդրության միջոցով արձագանքելու հասարակական հարաբերություններում տեղի ունեցող փոփոխություններին, իսկ մյուս կողմից Սահմանադրությունը պետք է ունենա այնպիսի բովանդակություն, որը թույլ չի տա, որ ընթացիկ օրենսդրությամբ այն հաճախակի փոփոխությունների ենթարկվի և դրանով նենգափոխվի Սահմանդրության էությունը: 1995 թվականին ընդունված Սահամանդրությունը իշխանակենտրոն էր և ամրագրում էր անձակենտրոն իշխանական համակարգ»,- իր խոսքում նշեց Վ. Պողոսյանը:
Ըստ նրա՝ 2005 թվականի Սահմանադրությունը եւս չկարողացավ ամբողջականորեն լուծել մարդակենտրոն Սահմանադրություն ստեղծելու և հավասարակշռված կառավարման համակարգ հաստատելու հիմնախնդիրները: «Մենք այսօր էլ չենք կարող փաստել, որ ժողովրդավարությունը հաստատուն հիմքերի վրա է դրված, որ հիմնական իրավունքները հուսալիորեն պաշտպանված են, ձևավորվել է կառավարման արդյունավետ համակարգ»,- ասաց Վ. Պողոսյանը:
ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչը, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակին, նշեց, որ առաջարկվող սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակն է երկրում կայուն ժողովրդավարական համակարգերի հաստատումը և իրավական պետության անկյունաքարը հանդիսացող իրավունքի գերակայության երաշխավորումը:
Սոսե Չանոյան