Սահմանադրական փոփոխություններից հետո ԱԺ պատգամավորների թիվը չի կարող 101-ից պակաս լինել
ՔաղաքականՍահմանադրական փոփոխությունների դեպքում բոլոր այն կուսակցությունները, որոնք չեն մասնակցի անհրաժեշտության դեպքում նշանակվող խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին, սակայն առաջին փուլի արդյունքներով հաղթահարել են ընտրական շեմը, կպահպանեն իրենց մանդատները: Այս մասին Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախագահի ներկայացուցիչ, հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Բազմասեր Առաքելյանի հարցին:
«Մանդատները կպահպանեն նաև այն կուսակցույունները, որոնք համախմբվել են երկրորդ փուլում ընտրություններում պարտված քաղաքական ուժի հետ: Նրանք ևս մանդատի կորուստ չեն ունենալու: Եվ հենց այդ պատճառով էլ նախագծի 89-րդ հոդվածը սահմանել է, որ Ազգային ժողովի պատգամավորների թիվն առնվազն պետք է լինի 101»,- նշեց Պողոսյանը:
Նա նշեց, որ եթե ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթող քաղաքական ուժը ստանում է լրացուցիչ մանդատներ, այդ ուժը դրանք ստանում է այդ 101 տեղերը լրացնելու հաշվին, բայց ոչ երբեք այն կուսակցությունների հաշվին, որոնք առաջին փուլի արդյունքներով հաղթահարել են ընտրական շեմը:
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներից հետո ԱԺ-ում պատգամավորների թվի վերաբերյալ Բազմասեր Առաքելյանի հարցին՝ Վարդան Պողոսյանն ընդգծեց, որ պատգամավորների թիվը խորհրդարանում չի կարող լինել 101-ից պակաս: «Սակայն այդ թիվը կարող է ավելանալ՝ կախված նրանից, թե երկրորդ փուլի արդյունքում հաղթած կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը որքան հավելյալ մանդատներ կստանա: Դրանից է կախված պատգամավորների թիվը: Ընտրական օրենսգիրքը պետք է սահմանի, թե կայուն խորհրդարանական մեծամասնության տակ ինչ թիվ պետք է սահմանել, և Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը կարեղ է մեծանալ մինչև այն սահմանը, որը կամրագրվի ընտրական օրենսգրքում»,- մանրամասնեց Պողոսյանը: