ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը ՀՀ արտգործնախարարին է հանձնել իր հավատարմագրերի պատճենը
ՔաղաքականՀայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին սեպտեմբերի 17-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Այս մասին փոխանցեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել վերջինիս` հույս հայտնելով, որ ԵՄ պատվիրակության ղեկավարն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Եվրոպական միության միջև հաստատված բազմաոլորտ փոխգործակցության խորացմանը և ընդլայնմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` Պյոտր Սվիտալսկին նշել է, որ ինքը Հայաստան է ժամանել ամենաջերմ զգացմունքներով և դրական օրակարգով, ու վստահեցրել, որ կանի առավելագույնը գործընկերության առավել ամրապնդման համար։
Հանդիպմանը քննարկվել են ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Հայաստան կատարած այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության հարցերի լայն շրջանակի վերաբերյալ հարցեր:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ առաջիկայում կմեկնարկեն Հայաստանի և ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, ինչը նոր թափ կհաղորդի հարաբերություններին:
Նախարար Նալբանդյանը ԵՄ նորանշանակ դեսպանին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջացառումները և դրանց խորհուրդը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին։