Երվանդ Զախարյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի դեսպանի հետ
ՔաղաքականՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը սեպտեմբերի 17-ին հյուրընկալել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին համատեղ արդյունավետ աշխատանքի, էներգետիկայի բնագավառում հայ-իրանական համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանն ուղղված աջակցության համար:
Երվանդ Զախարյան ընդգծել է երկու երկրների միջև համատեղ ծրագրերը սահմանված ժամկետներում ավարտելու և նոր ծրագրեր իրականացնելու կարևորությունը, ինչը նոր որակ կհաղորդի հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Դեսպան Ռեյիսին, իր հերթին կարևորելով երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը, շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ խոսքերի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ սերտ համագործակցության համար: