ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
ՔաղաքականՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, որտեղ սեպտեմբերի 23-ին հանդիպել է ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։ Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների վարույթում քննվող քրեական գործերով ըստ անհրաժեշտության միմյանց իրավական օգնության ցուցաբերումը և դրա արդյունավետության բարձրացումը, ինչը կնպաստի հանցագործությունների լիարժեք բացահայտմանն ու մեղավոր անձանց պատժի անխուսափելիությանը։
Կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ՝ նախանշելով կոնկրետ ուղղություններ։
Այցի ընթացքում ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը Մոսկվայում սեպտեմբերի 22-ին մասնակցել է ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը: