Արա Այվազյանն Էստոնիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցը
ՔաղաքականԷստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հոկտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել Էստոնիայի պաշտպանության նախարար Հանս Հանսոյի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Այվազյանը նախարար Հանսոյին է փոխանցել վերջինիս նշանակման կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորական նամակը:
Գոհունակություն հայտնելով երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման առնչությամբ` զրուցակիցները համակարծիք են եղել պաշտպանության բնագավառում համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Այդ կապակցությամբ պայմանավորվածություն ձեռք է բերվել առաջիկայում բարձր մակարդակի փոխայցելություններ իրականացնելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում դեսպան Այվազյանը նախարար Հանսոյին է ներկայացրել վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության սրմանն ուղղված գործողությունները, որի հետևանքով հայկական կողմը կրել է մարդկային կորուստներ, այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում:
Նախարար Հանսոն և դեսպան Այվազյանը մտքեր են փոխանակել միջազգային խաղաղապահ գործողություններում Հայաստանի ներգրավվածության, Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-Եվրամիություն համագործակցության և տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ: