Զանազանյանը խիզախ անձնավորություն էր. «Միկայի» մարզիչ
Սպորտ«Արարատի» լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանի՝ կյանքից հեռանալու կապակցությամբ նախկին անվանի ֆուտբոլիստ, «Միկայի» մարզիչ Բաբկեն Մելիքյանն ասաց, որ Զանազանյանն իր համար հարազատ մարդ է եղել:
«Ես մեծ ֆուտբոլում իմ առաջին քայլերն իր ուղեկցությամբ եմ եղել. 10-րդ դասարանում ինձ վերցրին ՖԻՄԱ, որը 2-րդ դիվիզինում էր հանդես գալիս. պարոն Զանազանյանն այդ թիմի մարզիչ-խաղացողն էր:
Մինչ այդ ճանաչում էինք միմյանց, սակայն այդ ժամանակից ի վեր այլ կերպ էր ամեն ինչ: Նա ինձ օգնեց, որպեսզի առաջադիմեմ, իր յուրահատուկ մոտեցումը մեծ արժեք ունի ինձ համար: Իր խորհուրդներով նա մշտապես օգնել է ինձ:
Զանազանյանը շատ խիզախ անձնավորություն էր. հենց այնպես չէր, որ նա թիմի ավագն էր: Նա շատ լավ էր մոտիվացնում տղաներին, այդ հզորությունը կար իր մեջ»,-ասաց նա։