Հերմինե Նաղդալյանը դրական է գնահատում Զուրաբյանի աշխատանքը ԵԽԽՎ-ում
ՔաղաքականԵվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը շնորհակալ է պատվիրակության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Լևոն Զուրաբյանին՝ վեհաժողովում իր կատարած աշխատանքի համար: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը Հերմինե Նաղդալյանն ընդգծեց, որ առաջին անգամ չէ, որ այդ մասին ասել է: «Այն օրից, երբ ես սկսել եմ աշխատանքը հայաստանյան պատվիրակության կազմում, կարևորել եմ մեր պատվիրակության միասնականությունը, որովհետև այնտեղ մենք ունենք պետական ազգային շահերի հետ առնչվող խնդիրներ: Այդ խնդիրների առնչությամբ մեզանից յուրաքանչյուրի ջանքերն ու արած աշխատանքը ես կարևորում եմ»,- Արմենպրես-ի հաղորդմամբ՝ նշեց Նաղդալյանը:
Նա ընդգծեց, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներից որևէ մեկին պակաս կամ ավելի հայրենասեր չի համարում: «Ես նրանցից յուրաքանչյուրին համարում եմ Հայաստանի Հանրապետության արժանավոր քաղաքացի: Ես շնորհակալ եմ նաև Արմեն Ռուսատմյանին՝ իր երկարամյա աշխատանքի համար, շնորհակալ եմ Նաիրա Զոհրաբյանին, Վահան Բաբայանին, Նաիրա Կարապետյանին: Ես գտնում եմ, որ մենք մեր առջև դրված առաջադրանքները միասին ենք կատարելու»,- եզրափակեց Նաղդալյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ԵԽԽՎ-ում Լևոն Զուրաբյանի ելույթից հետո նրան ծափահարել է ադրբեջանցի պատվիրակը՝ Նաղդալյանն ընդգծեց, որ դա այն հարցը չէ,որ կապված է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության աշխատանքի հետ և այն հարցը չէ, որին ինքը պետք է անդրադառնա: