ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը վերջերս Արցախում պահվող գերու հարցը համարում է ոչ թե քաղաքական, այլ հումանիտար խնդիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կասպրշիկը հայտնել է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը' մեկնաբանելով 1999 թվականին ծնված Ջավիդ Սամիրօղլուին գերեվարելու միջադեպը:
Նա նշել է, որ ժամանակ առ ժամանակ լինում են սահմանը խախտելու և մյուս կողմում քաղաքացիական անձանց գերի վերցնելու չկանխամտածված դեպքեր: Կասպրշիկն ընդգծել է, որ ինքն աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ անմիջական կապ հաստատելու և գերիներին վերադարձնելու փորձերին: Նա հավաստիացրել է, որ նման միջոցառումների անհրաժեշտությունն ինքը մշտապես շեշտադրել է համապատասխան մարմիններում ունեցած հանդիպումների ժամանակ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, հետևելով ժնևյան կոնվենցիաների դրույթներին, պատրաստակամություն են հայտնել ադրբեջանական կողմին փոխանցել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիրօղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված, Ադրբեջանի Հանրապետության Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը կատարվածի մասին ժամանակին տեղեկացրել է Արցախի Հանրապետությունում հավատա րմագրված ԿԽՄԿ և ԵԱՀԿ գրասենյակներին: