Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դարձել է մանկական կոմիքսների հերոս. նրա մասնակցությամբ կոմիքսների պատկերազարդ ամսագիր է լույս տեսել, որն արդեն հայտնվել է իտալական կրպակներում։ Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Ֆրանցիսկոսի մանկական ծաղրանկարը հայտնվել է ամսագրի շապիկին, որի վրա բութ մատը վեր պարզած Պապը խոստանում է փոքրիկներին զրուցել նրանց հետ աշխարհի ամենալավ ու գեղեցիկ բաներից։ Խմբագրության կարծիքով՝ ամսագիրը կօգնի, որպեսզի փոքրիկներն ավելի շատ հաղորդակցվեն քրիստոնեական արժեքներին։ Այս տարվա մարտին ընտրված Պապը հասցրել է աչքի ընկնել մանուկների հանդեպ մեծ սիրով ու ուշադրությամբ։ Սուրբ Պետրոսի հրապարակում ամեն շաբաթ անցկացվող պատարագի ժամանակ նա մշտապես գրկում և համբուրում է երեխաներին։