ՀՅԴ-ն հաջորդ խորհրդարանում ավելի մեծ ներկայացվածություն է ունենալու. Աղվան Վարդանյան
ՍպորտԱզգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը վստահ է, որ հաջորդ խորհրդարանում ՀՅԴ-ն ավելի մեծ ներկայացվածություն է ունենալու: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ կյանքը շատ արագ է փոխվում, շատ ջրեր են հոսել, և գալու է այն ժամանակը, երբ իրենք շատ ավելի լուրջ դերակատարում են ունենալու քաղաքական դաշտում: «Ես կարծում եմ, որ այն սկզբունքայնությունը, որ ունի «Դաշնակցություն»-ը, ի վերջո հանգեցնելու են նրան, որ կուսակցությունը Հայաստանի քաղաքական դաշտում առաջատար դերակատարում է ստանձնելու»,- Արմենպրես-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Վարդանյանը:
Նա նշեց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո արդեն ՀՅԴ-ն սկսելու է նախապատրաստվել հաջորդ խորհրդարանական ընտրություններին, որի ճանապարհին շատ կարևոր են նաև ընտրական օրենսգրքում իրականացվելիք փոփոխությունները: «Ընտրական օրենսգրքում իրականացվելիք փոփոխությունները շատ կարևոր նշանակություն ունեն, որի վերաբերյալ մենք ունենք մեր առաջարկները և սկզբունքները: Մենք լծվելու ենք այս գործին և ակտիվորեն մասնակցելու ենք, որից հետո արդեն կպատրաստվենք խորհրդարանական ընտրություններին»,- մանրամասնեց Վարդանյանը:
Աղվան Վարդանյանը հստակեցրեց, որ ՀՅԴ-ն ցանկանում է մեծամասնություն ունենալ գալիք խորհրդարանում: