Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին ժամանեց Երևան
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին։ Արմենպրեսի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 14-ին` ժամը 15:30-ին, Իրանի նախագահի առաջին տեղակալի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Ջահանգիրիին դիմավորեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Հնչեցին երկու երկրների պետական օրհներգերը: ՀՀ վարչապետը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալն անցան պատվո պահակային վաշտի կողքով, որից հետո շարային քայլքով անցավ պատվո պահակախումբը:
Այցի շրջանակում նախատեսված են Իրանի նախագահի առաջին տեղակալի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Հոկտեմբերի 14-ին ՀՀ կառավարությունում ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի առանձնազրույցին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո Հովիկ Աբրահամյանը և Էսհաղ Ջահանգիրին հանդես կգան ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ: Հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի և ԻԻՀ առաջին փոխնախագահի մասնակցությամբ Երևանում տեղի կունենա հայ-իրանական գործարար համաժողով:
Նախատեսված է նաև ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի այցը Մատենադարան, որտեղ նա կմասնակցի Անտուան և Անդրե Սևրուգյանների ցուցահանդեսի բացման արարողությանը: Էսհաղ Ջահանգիրին կայցելի նաև Երևանի «Կապույտ» մզկիթ, կմասնակցի «Կապույտ» մզկիթի հիմնադրման 250-ամյակին նվիրված ընդունելությանը: