Հայ-իրանական հարաբերությունները թևակոխում են նոր փուլ
ՔաղաքականՀայ-իրանական գործարար համաժողովը կօգնի բացահայտել Հայաստանը՝ որպես հնարավորությունների երկիր:
Արմենպրեսի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի մասնակցությամբ Երևանում մեկնարկեց հայ-իրանական գործարար համաժողովը, որն ուղղված է երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը:
«Մենք բարձր ենք գնահատում հայ-իրանական համագործակցությունը, որը հիմնված է դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա: ՀՀ կառավարությունը ներդրումների նկատմամբ հայտարարել և իրականացնում է բաց դռների քաղաքականություն՝ չկիրառելով գրեթե ոչ մի սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ: Ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ վերջին տարիներին իրականացվել են մի շարք բարեփոխումներ: Այսօր Հայաստանն առաջատար է ԱՊՀ երկրների շարքում տնտեսության ազատության և գործարարությամբ զբաղվելու ցուցանիշներով: Իսկ Համաշխարհային բանկի համաձայն՝ գործարարությամբ զբաղվելու ցուցանիշով, ըստ 2015 վարկանիշային զեկույցի, ՀՀ-ն զբաղեցնում է 45-րդ տեղը 189 երկրների մեջ»,-համաժողովի բացմանը նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ վստահություն հայտնելով, որ տարածաշրջանում ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակն էլ ավելի կնպաստի հայ-իրանական հարաբերությունների նոր փուլ թևակոխման գործընթացին:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ վերջին տարիներին մեր տնտեսության մեջ աճի տեմպեր են գրանցվում հատկապես գիտելիքահենք ոլորտներում, զարգանում են ֆինանսաբանկային համակարգը, ոսկերչությունը, գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, զբոսաշրջությունը, սննդի վերամշակման և այլ ոլորտներ:«Իրանցի գործարարների համար կարող է հետաքրքիր լինել համագործակցությունը զբոսաշրջության, տեքստիլի, մշակվող արդյունաբերության, տրանսպորտի ոլորտներում: Այս ամենը խոսում է ներդրումային, առևտրային և գործարար բազմաթիվ հնարավորությունների մասին»,- նկատեց վարչապետը: