Հովիկ Աբրահամյանը նորմալ է վերաբերում Արա Աբրահամյանի` քաղաքական պայքարի մեջ մտնելու որոշմանը
ՔաղաքականՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որևէ խնդիր չի տեսնում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի` քաղաքական պայքարի մեջ մտնելու որոշման վերաբերյալ: Հոկտեմբերի 16-ին լրագրողների հարցին, թե արդյոք տեսնում է Արա Աբրահամյանին խորհրդարանում, վարչապետը պատասխանեց, որ որևէ մեկ անձի կամ քաղաքական գործչի հետ խնդիր չունի:
«Եթե ժողովուրդը որոշի, որ նա լինի խորհրդարանում, թող լինի», - ասաց վարչապետը:
Հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը լրագրողներին և հանրությանը հայտնեց կուսակցություն ստեղծելու որոշման մասին: Աբրահամյանի խոսքով` ներկա դրությամբ նա նպատակը չունի դառնալ նախագահ կամ վարչապետ: Իսկ մինչեւ մարտի վերջ ինքը կհայտարարի` մասնակցելո՞ւ է խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: