ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի անդամները ծրագրում են այցելել Հայաստան
ՔաղաքականՆԱՏՕ-ի խորհրդարանական վոհաժողովի անվտանգության քաղաքացիական չափման հանձնաժողովի պատվիրակությունն առաջիկայում կարող է այցելել Հայաստան: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
«Ավարտված նստաշրջանի ընթացքում հանձնաժողովի նիստի ժամանակ առաջարկ է եղել այս հանձնաժողովի հաջորդ այցերից մեկը իրականացնել Հայաստան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս հանձնաժողովի շրջանակներում բազմաթիվ կարևոր խնդիրներ կան, որոնք մեր հետաքրքրության առարկան են կազմում, ինչպես քաղաքացիական հասարակության ձևավորման, այնպես էլ բազմաթիվ այլ կարևոր հարցերում՝ մենք ակնկալում ենք հանձնաժողովի այցը»,- Արմենպրես-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նահապետյանը:
Նրա խոսքով՝ եթե հաջորդ տարի այդ այցը տեղի չունենա, ապա 2017թ. անպայման հանձնաժողովի անդամները կայցելեն Հայաստան: «Ես ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանկան վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի այց Հայաստան արդեն ունեցել ենք: Երկու տարի առաջ էր այս հանձնաժողովն այցելել, որի ժամանակ բավականին կարևոր հարցեր են քննարկվել: Եվ պակաս կարևոր չէ նաև անվտանգության քաղաքացիական չափման հանձնաժողովի այցը Հայաստան»,- եզրափակեց պատգամավորը: