Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ
ՔաղաքականԵվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին մասնակցելու նպատակով Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ մեկնած «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 21-ին հանդիպել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ:
Ինչպես տեղեկացրին ՕԵԿ կուսակցության մամուլի ծառայությունից, հանդիպմանը Արթուր Բաղդասարյանը Ժոզեֆ Դոլին է ներկայացրել «Հայկական Վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման զարգացման դինամիկան, գործունեության ուղղությունները և նպատակները, ինչը մեծ հետաքրքրության է արժանացել:
Քննարկվել են ԵԺԿ շրջանակներում գործընկեր քաղաքական ուժերի և «Հայկական վերածնունդ» միավորման միջև հնարավոր համագործակցության հարցեր:
ՕԵԿ պատվիրակությունը հաջորդիվ հանդիպել է Վիլֆրեդ Մարտենսի անվան Եվրոպական հետազոտությունների կենտրոնի տնօրենի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանում կազմակերպել միջազգային կոնֆերանս՝ նվիրված կուսակցական շինարարության, բարեփոխումների, քաղաքական նոր տեխնոլոգիաների ներդրման հարցերին:
ՕԵԿ պատվիրակությունը նաև հանդիպել է Ավստրիայի իշխող կուսակցության (OVP) ղեկավարության, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ղեկավարության և «Ռոբերտ Շուման» ինստիտուտի տնօրեն Գաբոր Բերցզելիի հետ:
Նախատեսված է Արթուր Բաղդասարյանի ելույթը ԵԺԿ քաղաքական ասամբլեայում:
ՕԵԿ պատվիրակության հանդիպումները շարունակվելու են հոկտմբերի 21-ին և 22-ին: