Գագիկ Բեգլարյանը մասնակցել է ՍԾՏՀ-ում տրանսպորտի նախարարների հանդիպմանը
ՔաղաքականՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հոկտեմբերի 21-ին Բուխարեստում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների տրանսպորտի նախարարների հանդիպմանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Ռումինիայի նախագահության շրջանակում կազմակերպված հանդիպմանը մասնակցել են ՍԾՏՀ անդամ երկրների պատվիրակությունները, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի, սևծովյան տնտեսական համագործակցության մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն իր ելույթում ընդգծել է Հայաստանի կառուցողական մասնակցությունը կազմակերպության գործունեության արդյունավետությունը բարելավելու գործում, ՀՀ աջակցությունը սևծովյան տարածաշրջանում, մասնավորապես, տրանսպորտի ոլորտում տնտեսական համագործակցության խթանմանը և կազմակերպության նախանշած նպատակների իրականացմանը:
Այնուհետև նախարարը անդրադարձել է Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական նախագծերին, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը, որը կկապի սևծովյան տարածաշրջանային երկրները Իրանի և Արևելյան Ասիայի երկրների հետ: Բեգլարյանն անդրադարձել է նաև Հայաստանի հարավային՝ Հայաստան-Իրան երկաթուղու, որպես Հյուսիս-հարավ երկաթգծի ամենակարճ և հուսալի կապի, կառուցման նախագծին:
Հանդիպմանը հաջորդել է Հայաստանի և Ռումինիայի տրանսպորտի նախարարների երկկողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր:
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարը, որպես Հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռումինիայի տրանսպորտի նախարար Յուլիան Մատակեի հետ քննարկել է Բուխարեստում միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի և զուգահեռ գործարար համաժողովի անցկացման ժամկետները:
Քննարկվել են նաև Հայաստանի տրանսպորտային ծրագրերում Ռումինիայի մասնակցության հնարավորությունները: