Ես ինքս ինձ հետ եմ կանչել երկու կարևոր առանցքային պատվիրակություններից. Ն. Զոհրաբյան
ՔաղաքականԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խոսելով ԲՀԿ-ի շուրջ զարգացող վերջին խոսակցություններից եւ պատասխանելով այն հարցին, թե ինչու են հետ կանչվել ԲՀԿ խմբակցության անդամներ Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը, պատասխանեց. «Ես ինքս ինձ հետ եմ կանչել երկու կարևոր առանցքային պատվիրակություններից` «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովից, որտեղ ես քաղաքական հանձնաժողովի փոխնախագահն էի, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի վեհաժողովից: Ստեփան Մարգարյանը հետ է կանչվել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովից և ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական վեհաժողովից, իսկ Էլինար Վարդանյանը՝ ՆԱՏՕ-ից: Բացի այդ, Միքայել Մելքումյանը հետ է կանչվել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության պատվիրակությունից, թեև մեկ նիստի դեռ կմասնակցի, որից հետո վայր կդնի մանդատը»:
Խոսելով դեկտեմբերի 6-ին կանայալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին՝ Ն. Զոհրաբյանը պատասխանեց, որ իրենք ՀՀԿ-ից առանձին են պատրաստվում անցկացնել իրենց քարոզարշավը. «Մենք արդեն կազմել ենք «Այո»-ի քարոզարշավի ժամանակացույցը և շուտով կսկսենք հանդիպումները: Բացառում ենք հանրահավաքային ժանրը, ընդամենը հանդիպումներ ենք ունենալու մեր ընտրողների հետ և նրանց ներկայացնելու նոր Սահմանադրության նախագիծը»,- ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:
Սոսե Չանդոյան