Հայաստանի և Ղրղզստանի պետական գանձարանները խորացնում են համագործակցությունը
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության պետական գանձարանների միջև հոկտեմբերի 26-ին կնքվել է հուշագիր, որով նախատեսվում է համագործակցություն փորձի փոխանակման, կադրերի վերապատրաստման և մի շարք այլ հարցերում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, կողմերը պարտավորվել են ցուցաբերել միասնական մոտեցում երկու երկրների տնտեսությունների ինտեգրման ընթացակարգերի շրջանակում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շուկայի զարգացման և միասնականացման ուղղությամբ:
Ձեռք է բերվել համաձայնություն՝ սեմինարների, կոնֆերանսների միջոցով թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շուկաների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, ցուցահանդեսների կազմակերպման և այլ համատեղ միջոցառումների անցկացման վերաբերյալ: Հուշագիրը հնարավորություն կտա ավելի ընդլայնել թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բնագավառում ՀՀ և ՂՀ միջև գործնական կապերը:
Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ Վահե Առաքելյանը և Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի դեպարտամենտի տնօրեն Ալմազ Կադիրակունովը: