Hurriyet Daily News թերթը գրում է, որ Թուրքիայի իշխանությունները վերջին երկու տարվա ընթացքում ձերբակալել ու արտաքսել են եվրոպական երկրների 830 քաղաքացիների, որոնք փորձում էին անցնել սահմանն ու մեկնել Սիրիա՝ իսլամիստ ջիհադականների կողմից պայքարելու համար։ Օրինախախտները պատրաստվում էին միանալ ԻԼԻՊ խմբավորման գրոհայիններին, որոնք արդեն իրենց հսկողութան տակ են առել Սիրիայի ու Իրաքի ընդարձակ տարածքներ։
Եվրոպական երկրները վերջերս սկսել են Թուրքիայի հետ տեղեկատվություն փոխանակել ջիհադի կողմնակիցների մասին, որոնք պատրաստվում են Թուրքիայի տարածքով Սիրիա թափանցել։ ԵՄ մի քանի երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Անգլիան, Ֆրանսիան, Հոլանդիան ու Բելգիան, Թուրքիային Ինտերպոլի խողովակներով տվյալներ են հաղորդել մոտավորապես 4700 կասկածյալների մասին։