Միխայել Ցորկ. Միկին հիանալի մարզավիճակում է
ՍպորտԴորտմունդի «Բորուսսիայի» սպորտային տնօրեն Միխայել Ցորկն իր մեկնաբանությունն է տվել Եվոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի` «Գաբալայի» հետ հանդիպման (4:0) վերաբերյալ և գովասանքով է խոսել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
-Շատ գոհ ենք թիմի խաղից: Մեկնարկում որոշակի դժվարություններ եղան, առաջին խաղակեսի վերջին 20 րոպեներին էլ դեռ վստահ չէինք, բայց արդյունքը թույլ տվեց հասնել սահմանված նպատակին` մենք` որպես խմբի առաջատար, մրցաշարի հաջորդ փուլում ենք:
Միկին ոչ միայն հիանալի է խաղում, այլև գոլեր է խփում, արդյունավետ փոխանցումներ է կատարում: Այն ամուր հանգույցը, որը նախորդ մրցաշրջաններում խանգարում էր նրան, վերջապես քանդվել է. նա հիանալի մարզավիճակում է: Հավատելով Միկիի պոտենցիալին` կձգտենք լավացնել նրա խաղային որակները,-Ցորկի խոսքը մեջբերված է «Բորուսսիայի» պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ «Գաբալայի» հետ խաղում Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ և մասնակցեց երկու գոլային գրոհներին, իսկ «Բորուսսիան» այս հաղթանակի շնորհիվ 10 միավորով գլխավորեց C խմբի մրցաշարային աղյուսակն ու ապահովեց իր տեղը ԵԼ-ի փլեյ-օֆֆ փուլում: