Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր
ՔաղաքականԱշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Շվեդիայի հետ համագործակցության զարգացմանը` քաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում՝ փաստելով, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են հայ-շվեդական հարաբերությունները, ինչն արտացոլվել է փոխայցելությունների և քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ։
Զրույցի ընթացքում քննարկվել են բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հարցեր։
Նախարարներ Նալբանդյանն ու Վալստրյոմը մտքեր են փոխանակել Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ։
Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարներն անդրադարձել են հրատապ միջազգային խնդիրներին և դրանց հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։
Էդվարդ Նալբանդյանը Մարգոտ Վալստրյոմին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։