Բենզեմա. Ամաչում եմ այս պատմության համար. շանտաժը շատ լուրջ բան է
ՍպորտՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է Լիոնի կիսապաշտպան Մաթյո Վալբուենայի նկատմամբ շանտաժի գործում իր ներգրավվածության մասին և ափսոսանք հայտնել այդ պատմության առնչությամբ։ Նա նշել է, որ Վալբուենան իր ընկերն է։
-Վալբուենան իմ լավ ընկերն է։ Մենք հաճախ ենք հանդիպում Ֆրանսիայի հավաքականում, ծիծաղում ենք, կատակում։ Հանդիպո՞ւմ ենք արդյոք հավաքականից դուրս։ Ոչ, ես Մադրիդում եմ, նրան տեսնում եմ միայն հավաքականում, մեկ էլ երկու անգամ հանդիպել ենք արձակուրդների ժամանակ։
Ես տեսանյութի մասին իմացել եմ Մաթյոյի հետ խոսելուց մոտ երեք շաբաթ առաջ։ Ես Մադրիդում ճաշում էի ընկերոջս՝ Կարիմ Զենատիի հետ (Վալբուենայի շանտաժին մասնակցած ևս մեկ անձ), ով իմ մակության ընկերն է և գրեթե եղբոր պես է ինձ համար։ Ինչ-որ մեկը մոտեցավ մեզ, որ խոսի մեզ հետ այդ տեսանյութի գոյության մասին։
Ես Վալբուենայի հետ խոսեցի Հայաստանի հավաքականի դեմ խաղից երկու օր առաջ։ Ասացի, որ պետք է նրա հետ խոսեմ մի բանի մասին։ Նա արդեն տեղյակ էր այդ պատմությունից։ Նա հարցրեց՝ ի՞նչ են ուզում շանտաժիստները, և ասաց, որ կհանդիպի իր փաստաբանին։
Ասե՞լ եմ Վալբուենային, որ տեսել եմ այդ տեսանյութը։ Ես այն չեմ տեսել, անկեղծ եմ ասում՝ իրոք չգիտեմ, թե ինչու ասացի, որ տեսել եմ։ Նրան ասացի, որ հանդիպի ընկերոջս հետ, քանի որ չէի ուզում, որ իմ անունն այս ամենի հետ կապված լիներ։
Ես շատ եմ ափսոսում այս ամբողջ պատմության պատճառով, ի վերջո շանտաժը չափազանց լուրջ բան է։ Ես շատ եմ ամաչում Կարիմ Զենատիի ընկերոջ համար, ում օգնել եմ, երբ նա բանտում էր։ Ես չէի ուզում, որ նա նման խնդիրներ ունենար։ Իսկ այն, որ այս պատմությունը ներառեց նաև հավաքականում իմ թիմակցին, շատ հուսահատեցնող է։ Երբ մենք խոսում էինք հեռախոսով, ծիծաղում էինք, քանի որ չէինք հասկանում իմ առաջ ծառացած խնդիրների լրջությունը։ Այս ամենի պատճառով ինձ պարզապես սարսափելի եմ զգում,-դատարանում Բենզեմայի խոսքն է փոխանցում «Le Monde»-ն։
Հիշեցնենք, որ Վալբուենայից փորձել էին գումար շորթել՝ նրա մասնակցությամբ անձնական բնույթի տեսանյութ հրապարակելու սպառնալիքով։ Շանտաժիստներն իրենց պահանջը փոխանցել էին Բենզեմայի միջոցով։