Հայաստանում անցկացվելու է սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը
ՍպորտՀայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի հերթական լսումների ընթացքում քննարկվել է ֆեդերացիայի կողմից նախանշված՝ 2018 թվականի ապրիլին սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը Հայաստանում կազմակերպելու և անցկացնելու հնարավորության հարցը:
Ինչպես հաղորդում է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, նոյեմբերի 2-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի են ունեցել ֆեդերացիաների տարեվերջյան լսումները: Լսումները անցկացրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Մասնակիցների թվում են եղել նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանը, աշխատակազմի ղեկավարի ժ.պ. Վահե Էլոյանը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները, ինչպես նաև սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի տնօրենի սպորտային բժշկության գծով տեղակալ Ռաֆայել Թորոյանը:
Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է 2015 թվականի օրացուցային պլանով կատարված աշխատանքների, միջազգային ֆեդերացիայի կողմից հատկացված գույքային ծրագրի իրականացման, Ռիո-2016 թվականի օլիմպիական խաղերին մասնակցելու հավանական թեկնածուների մասին: