Հայ դահուկորդներն ավարտեցին ելույթները Զիֆիլդի մրցաշարում
ՍպորտԴահուկավազքի Հայաստանի կանանց հավաքականի երեք անդամներն ավարտեցին ելույթները Զիֆիլդի միջազգային մրցաշարում: Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները իրենց ուժերը չափեցին արագավազքում: 52 մասնակիցների շարքում Աննա Մխիթարյանը զբաղեցրել է 44-րդ, Կատյա Գալստյանը՝ 45-րդ և Լիլիթ Տոնոյանը՝ 48-րդ տեղերը: Այս մասին տեղեկացրին ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Դասական ոճի (5 կմ) մրցավազքում մասնակցել են 63 դահուկորդ: Կանանց հավաքականի անդամներից Մխիթարյանը գրավել է 54-րդ, Գալստյանը՝ 56-րդ, իսկ Տոնոյանը՝ 61-րդ հորիզոնականները:
Վարկանիշային մրցաշարի վերջին օրը՝ ազատ ոճի 5կմ մրցատարածությունը 70-րդ հատել է Աննա Մխիթարյանը, 74-րդը՝ Կատյա Գալստյանը և 81-րդը Լիլիթ Տոնոյանը:
Կանանց հավաքականը դեկտեմբերի 7-ից ուսումնամարզական հավաքի է մեկնել Իտալիա, իսկ դեկտեմբերի 17-ին կմասնակցեն հերթական վարկանիշային մրցաշարի: