Էմերի. «Յուվենտուսը» «Ռեալի» և «Բարսելոնայի» մակարդակի թիմ է
Սպորտ«Սևիլյայի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին Չեմպիոնների լիգային խմբային փուլի վերջին տուրի՝ «Յուվենտուսի» հետ խաղից առաջ (դեկտեմբերի 8) պատասխանել է լրագրողների հարցերին:
-Մենք շատ բարդ խմբում էինք: Ֆավորիտները զբաղեցրել են առաջին և երկրորդ հորիզոնականները: «Յուվենտուսը» «Ռեալի» և «Բարսելոնայի» մակարդակի թիմ է: Մենք ցանկանում ենք այնպիսի ֆուտբոլ ցուցադրել, ինչպես խաղացել ենք այդ թիմերի դեմ: Ցանկանում էինք շարունակել պայքարը Չեմպիոնների լիգայում: Իհարկե, տխրել ենք, որ խմբից դուրս չենք եկել, բայց իմ նպատակն է հաջորդ մրցաշրջանում ևս մասնակցել այս մրցաշարին:
Պետք է հաղթենք «Յուվենտուսին», որպեսզի պահպանենք Եվրոպայի լիգայում խաղալու հնարավորությունը. այդ մրցաշարը մեզ շատ բան է տվել: Ճիշտ է՝ երրորդ հորիզոնականը զբաղեցնելու համար ամեն ինչ մեզանից կախված չէ, բայց մենք պետք է լավ խաղանք,-Էմերիի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ D խմբից փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր են նվաճել «Յուվենտուսը» և «Մանչեսթեր Սիթին», իսկ «Սևիլյան» Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» հետ պայքարելու է երրորդ հորիզոնականի համար: