Էդվարդ Նալբանդյանն իր ավստրիացի գործընկերոջն է ներկայացրել ԼՂ հակամարտության գոտու իրավիճակը
ՔաղաքականԱշխատանքային այցելությամբ Վիեննայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարները գոհունակություն են հայտնել բարձր մակարդակով հաճախակի փոխայցելությունների կապակցությամբ` ընդգծելով, որ դրանք նոր լիցք են հաղորդում տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցության զարգացմանը։
Նախարարներ Նալբանդյանն ու Կուրցը զրույց են ունեցել երկկողմ հարաբերությունների տարբեր հարցերի շուրջ, քննարկել համագործակցության խորացման ուղիները, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության սերտացումը, տարածաշրջանային և միջազգային խնդիրներ։ Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ օրակարգային հարցերին։
Հանդիպմանն անդրադարձ է արվել հրատապ միջազգային ու տարածաշրջանային խնդիրների` ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին, Մերձավոր Արևելքում զարգացումներին, սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիներին։
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից գործադրվող ջանքերը: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ընդառաջ Բաքվի կողմից հակամարտության գոտում իրավիճակը սրելուն ուղղված սադրանքների վրա։