Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Ռիո 2016-ի մարզիկներին կընտրի Եվրոպայի առաջնությունից հետո
ՍպորտՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ձգտելու է 2016-ի Ռիոյի Օլիմպիական խաղերին ուղարկել մարզիկերի, ովքեր կմասնակցեն ուժեղագույների Ա խմբում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` բանախոս ը չնշեց, թե Ռիո 2016-ին Հայաստանը ովքեր կներկայացնեն` ավելացնելով, որ առջևում դեռ կա ստուգատես մրցում. Նորվեգիայում ապրիլի 8-16-ը կկայանա Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:«Մինչև վերջին օրերը կմտածենք, թե ովքեր կարող են մեկնել Օլիմպիական խաղերին: Մենք ունենք լիազորություն պահելու մեկ-երկու փոխարինողներ: Մարզչական խորհրդի, Օլիմպիական կոմիտեի միջոցով, ինչպես նաև մարզիկների ցույց տված արդյունքները հաշվի առնելով` կորոշվեն Ռիո 2016-ին մասնակցող մարզիկները»,-ասաց Փաշիկ Ալավերդյանը` հավելելով, որ մարզիկներից ակնկալում են լավ արդյ ունքներ:
Անդրադառնալով 2015 թվականին Ծանրամարտի ֆեդերացիայի ու մարզիկների գրանցած արդյունքներին` նա նշեց, որ կարողացել են ձեռք բերել 60 մեդալ, Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններից: «21 ոսկի, 18 արծաթ, 21-ն էլ բրոնզ: Մենք ունենք մարզիկներ, ովքեր դարձել են Եվրոպայի երիտասարդների, պատանիների առաջնությունների չեմպիոններ, Աշխարհի առաջնությունում մենք ունեցանք երեք փոքր մեդալ: Տղամարդկանց մասով ունեցանք 5-րդ, 8-րդ և 12-րդ տեղեր, աղջիկներն էլ ամեն ինչ արեցին, որ ունենան օլիմպիական երկու տեղեր: Տղաներն ապահովեցին 5 մասնակցի տեղ Ռիոյում»,-ասաց Փաշիկ Ալավերդյանը:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով` հաջորդ տարվա փետրվարին կայանալու է Ծանրամարտի Հայաստանի մեծահասակների առաջնություն, որին ցանկանում է տեսնել բոլոր մարզիկների մասնակցությունը: