Երևանի Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ՝ Կոմիտաս 1 հասցեում գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետը փակվել է: Ավելին, Orer.am-ի տեղեկություններով՝ սա սուպերմարկետների ցանցի փլուզման սկիզբն է: Բանն այն է, որ «Մոսկվիչկայի» ղեկավարությունը հսկայական պարտքեր է կուտակել մատակարարներին, ովքեր ոչ միայն հրաժարվում են ապրանքներ մատակարարել, այլև հետ են վերադարձրել նախկինում սուպերմարկետների ցանցին առաքվածի մնացորդը: Բազմաթիվ սպառողներ հաստատում են, որ վերջին շրջանում «Մոսկվիչկայի» տաղավարները կիսադատարկ վիճակում են:
Հիշեցնենք, որ «Մոսկվիչկա»-ի սեփականատերը Արման Նազարյանն է՝ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին: Դեռ Նազարյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում մամուլում լուրեր էին շրջանառվում, որ այս ցանցի սեփականատերը Ներսիկ Նազարյանն է, պարզապես այն ձևակերպել է որդու անունով: