«Իզվեստիա» թերթը` հղում կատարելով Պետդումայի պատգամավոր Միխայիլ Մարկելովին գրում է, որ շւրջօրյա լրատվական Euronews հեռուստաալիքի հեռարձակումը Ռուսաստանի տարածքում կարող է դադարեցվել, ինչի պատճառը հեռուստաալիքի եթերում հայտնված կադրերն են, որոնցում Ուկրաինայի ազգային գվարդիայի մարտիկները կրակում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարի վրա: Նշվում է, խորհրդարանականը խնդրել է Գլխավոր դատախազությանն ու «Ռոսկոմնադզոր»-ին ստուգել ռեպորտաժը, որում ուկրաինացի զինվորականները կրակում են ՌԴ նախագահի լուսանկարի վրա, որտեղ վերջինս Ադոլֆ Հիտլերի կերպարով է ներկայացված: Մարկելովը համոզված է, որ սույն կադրերը կոչված են ատելություն ու թշնամանք սերմանելուն, ինչպես նաև ստորացնել ոչ միայն ՌԴ նախագահի, այլ նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափն ու մղձավանջն ապրած ռուս ազգի արժանապատվությունը: