Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՝ որպես իշխող քաղաքական ուժ, հանձնառու և պատասխանատու է սահմանադրական բարեփոխումների գործընթացն առաջ տանելու հարցում: Այս մասին «Ժառանգության» կազմակերպած «Սահմանադրական բարեփոխումներ. թեր և դեմ» խորագրով խորհրդաժողովի ընթացքում իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը:
«Միևնույն ժամանակ, շատ կցանկանայի, որ Հայաստանում գործող քաղաքական համակարգը գիտակցի իր ամբողջական պատասխանատվությունն այս շատ կարևոր գործընթացում: Սա միայն կառավարող կուսակցության խնդիր չէ, այլ տարբեր քաղաքական ուժերի խնդիրն է՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նահապետյանը:
Պատգամավորը ողջունեց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությունը: «Շատ կարևոր է, որ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններից մեկը կազմակերպել է քննարկում, որը վերաբերում է սահմանադրական բարեփոխումների գործընթացին:
Եվ շատ կարևոր մի հանգամանք՝ անկախ այն փաստարկումներից, որ մենք բովանդակային հարցեր չենք քննարկում, տարբեր ելույթներից պարզ դարձավ, որ տարբեր բովանդակային խնդիրներ են բարձրացվում, որոնք սահմանադրական լուծումներ են պահանջում»,- նշեց Նահապետյանը: