Մաքսային միությանը (ՄՄ) և Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի Միասնական տնտեսական տարածքին (ՄՏՏ) Ղրղզստանի անդամակցումը պաշտպանում է հանրապետության քաղաքացիների երկու երրորդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ղրղզստանի բիզնես-հանրակցության հետ սեպտեմբերի 17-ին կայացած հանդիպմանը հայտարարել է վարչապետ Ջոոմարտ Օթորբաևը:
Մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում հայտարարություն էր ստորագրվել ՄՄ-ին Ղրղզստանի միանալու միջոցառումների ծրագրի վերաբերյալ: Ղրղզստանը և Ռուսաստանը նաև միջկառավարական համաձայնագիր էին ստորագրել Եվրասիական տնտեսական ինտեգրացման պայմաններում տնտեսական համագործակցության զարգացման մասին, որը ռուս-ղրղզական հիմնադրամի ստեղծում է նախատեսում 1 մլրդ դոլար կապիտալով և «Ճանապարհային քարտեզի» միջոցառումների ֆինանսավորում՝ 200 մլն դոլարի չափով:
«Մաքսային միությանը միանալու մեր քայլերը պաշտպանում է քաղաքացիների երկու երրորդը: Այդ որոշումը չի պաշտպանում 10 տոկոսից պակաս մասը: Իսկ մնացածները դեռևս չեն հստակեցրել իրենց դիրքորոշումը: Ընդսմին բիզնեսը նույնպես հիմնականում հանդես է գալիս անդամակցելու օգտին»,- հայտարարել է Օթորբաևը՝ վկայակոչելով սոցիոլոգիական հետազոտությունների տվյալներ:
Վարչապետը նշել է, որ, ըստ իր հաշվարկների, Ղրղզստանը մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կհասցնի ընդունել Մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: