Արտյոմ Սիմոնյան. ԱԱ-ի ուղեգիր նվաճելու համար հավաքականում անհրաժեշտ է միասնականություն
ՍպորտԱշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար հավաքականում անհրաժեշտ է միասնականություն, բայց կարեւոր են նաեւ այլ գործոններ, ասել է Հայաստանի հավաքականի եւ շվեյցարական «Ցյուրիխի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը:
«Անցած ընտրական փուլի մի քանի հանդիպումների վերջնամասում մշտապես կորցնում էինք կենտրոնացումը եւ պարտություն կրում: Այժմ շատ բարդ խումբ է՝ Ռումինիա, Դանիա, Լեհաստան, Չեռնոգորիա, Ղազախստան: Բայց ընտրություն չկա՝ պետք է պայքարել եւ ձգտել ուրախացնել մեր երկրպագուներին: Անհարմար ենք զգում մեր երկրպագուների առջեւ, որոնք միշտ ջերմորեն աջակցում են մեզ:
Հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն անմիջապես ներկայացրել է իր մոտեցումը՝ հավաքականում կընդգրկվեն ակումբներում մշտական խաղային պրակտիկա ունեցող ֆուտբոլիստները: Իրավիճակը բացարձակ թափանցիկ է: Հավաքական կհրավիրվեմ, եթե մշտապես խաղամ ակումբում: Չեմ ափսոսում, որ «Զենիթից» տեղափոխվել եմ «Ցյուրիխ»: Վստահ եմ, որ կարող եմ հաջող խաղալ այստեղ»,- Արտյոմ Սիմոնյանի խոսքը մեջբերում է sportsdaily-ն:
Հայ ֆուտբոլիստը «Ցյուրիխի» հետ մինչեւ հունվարի 17-ը կմարզվի Ցյուրիխում: Այնուհետեւ թիմը հավաքի կմեկնի Թուրքիա, որտեղ կանցկացնի նաեւ երեք ստուգողական հանդիպում՝ ադրբեջանական «Գաբալայի», գերմանական «Կայզերսլաուտերնի» եւ ուկրաինական «Դնեպրի» հետ: Եվս մեկ ընկերական հանդիպում թիմը կանցկացնի հունվարի 29-ին Գերմանիայում, իսկ փետրվարի 7-ին «Սյոնի» հետ խաղով կվերսկսի պայքարը Շվեյցարիայի առաջնությունում: