ՀՀԿ-ն դեռևս չի քննարել խորհրդարանում «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու քառյակի նախաձեռնությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ քառյակի առաջիկա նախաձեռնությանը' նշեց, որ ՀՀԿ-ն պատրաստ կլինի անդրադառնալ այդ հարցին, եթե դրա ան հրաժեշտությունը լինի: «Նրանք նման նախաձեռնությամբ հանդես էին եկել նաև անցած նստաշրջանի ընթացքում, սակայն մենք առաջարկեցինք սպասել, քանի որ այդ ժամանակ «Նաիրիտ»-ում ներդրումային ծրագրեր էին քննարկվում, բանակցություններ էին ընթանում»,- պարզաբանեց նա:
Բաղդասարյանն ընդգծեց, որ քառյակի համապատասխան առաջարկից հետո քաղաքական մեծամասնությունը կուսումնասիրի խնդիրը: «Եթե նկատենք, որ որևէ քայլ, որևէ շարժ բանակցությունների ուղղությամբ չկա, ինձ թվում է, որ կանդրադառնանք այդ հարցին և կքննարկենք»,- նշեց նա:
Առաջիկա քառօրյայի ընթացքում ԱԺ ոչ իշխանական քառյակը պատրաստվում է հանդես գալ «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Քառյակի անդամ բոլոր 4 քաղաքական ուժերն այս հարցում արդեն համաձայնության են եկել: