Առողջապահության նախարարությունը վերջապես որոշում է ընդունել, որի համաձայն, օգոսոտոսի 1-ից վիժում առաջացնող «Սայտոտեկ» դեղամիջոցը դեղատներից բաց կթողնվի միայն դեղատոմսով: Այդ մասին, ըստ պաշտոնական հաղորդագրության, նախարարությունն արդեն իսկ տեղեկացրել է դեղատնային գործունեությամբ զբաղվող բոլոր տնտեսվարողներին: «Սայտոտեկը» իրականում ստամոքսի հակախոցային պատրաստուկ է, սակայն խիստ հակացուցված լինելով հղիներին՝ արգանդի սուր կծկումներ է առաջացնում` արյունահոսության և պտղի վիժման հիմք դառնալով: Մասնագետները նշում են, որ հղիության ընդհատման նպատակով կիրառվելու դեպքում սխալ դեղաչափերի և ընդունման կանոնների խախտման դեպքում «Սայտոտեկի» փոքր հաբերից սկիզբ առած առատ արյունահոսությունը ուղեկցող բարդությունները կարող են ոչ միայն անդառնալի առողջական խնդիրների պատճառ լինել, այլև կնոջ կյանք արժենալ: