Գերմանիան կողմ է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մասին Մինսկի խմբի առաջարկին
ՔաղաքականԳերմանիան, 2016թ. ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը, շարունակելու է աջակցել Մինսկի խմբի ջանքերին Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Արմենպրեսի փոխանցմամբ` այս մասին հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: «Մենք մտահոգված ենք շփման գծում իրավիճակի սրմամբ, հատկապես ծանր զինատեսակների օգտագործման հանգամանքով, որոնք բերում են քաղաքացիական անձանց մահվանը»,-ասաց դեսպանը` ավելացնելով, որ կարևոր է, որպեսզի կողմերը զերծ մնան ագրեսիվ հռետորաբանությունից:
Նա շեշտեց, որ ամբողջությամբ աջակցում են Մինսկի խմբի համանախագահների այն նախաձեռնությանը, ըստ որի` անհրաժեշտ է հրադադարի խախտման դեպքերը հետաքննող մեխանիզմ մշակել ու գործարկել: «Մենք խնդրում ենք, որ կողմերը ուսումնասիրեն այդ առաջարկները` դրական արձագանքով»,-հավելեց Մաթիաս Քիսլերը:
Այս առնչությամբ լրագրողներից մեկը հետաքրքրվեց` արդյոք Գերմանիան չի պատրաստվում Ադրբեջանին ուղղված հասցեական քայլեր իրականացնել, քանի որ նրանք են, որ մերժում են հետաքննական մեխանիզմների ներդրումը: «Մենք գիտենք երկու կողմերի դիրքորոշումներն էլ, բայց շեշտում ենք այս մեխանիզմի կարևորությունը երկու կողմերի համաձայնության տեսանկյունից էլ: Մենք ուզում ենք, որ երկու կողմերն էլ համամիտ լինեն հետաքննական մեխանիզմների ներդրմանը»,-ավելացրեց Գերմանիայի դեսպանը: