Взгляд-ի փոխանցմամբ` Վրաստանի դատախազությունը պատրաստվում է մեղադրանք ներկայացնել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Շրջանառվող լուրերի համաձայն, հնարավոր է, որ հենց այդ պատճառով են Թբիլիսի ժամանել դատախազներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Իսրայելից: Խոսքը, մասնավորապես, Իսրայելի նախկին գլխավոր դատախազ Մոշե Լադորի մասին է, որը կարողացել է մեղադրական վճիռների հասնել երկրի նախկին նախագահ Մոշե Կացավի և նախկին վարչապետ Էհուդ Օլմերտի գործերով: Վրաստանի դատախազությունն առաջիկայում կարող է նախկին նախագահ Սաակաշվիլիին միաժամանակ մի քանի մեղադրանք առաջադրել, որոնցում նա այժմ որպես վկա է ներգրավված: Խոսքը բյուջեի միջոցների յուրացումների, պետական ունեցվածքի վաճառքի և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի բանկն արհեստականորեն սնանկացնելու փորձի մասին է: Նախկին նախագահը կարող է մեղադրյալ դառնալ նաև նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքները կեղծելու և կազմակերպված սպանությունների համար: