ՀՀ իշխանությունների համար առաջնահերթ են Հայոց ցեղասպանության դատապարտումն ու ԼՂ հիմնահարցի արդարացի լուծումը
ՔաղաքականԱրտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ իշխանությունների համար շարունակելու են առանցքային մնալ Հայոց ցեղասպանության դատապարտման ու արցախյան հարցի արդարացի եւ հայանպաստ լուծման հասնելու ուղիները: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ֆրանսիայի նախագահ Օլանդի նախաձեռնությամբ Ֆրանսիայում նախապատրաստվում է Հայոց ցեղասպանության ժ խտման քրեականացնելու նախագիծը:
Այս նախագծի օրակարգ վերադարձնելը գալիս է ապացուցելու, որ թուրքական ժխտողականության դեմ պայքարը ոչ միայն շարունակվում է, այլեւ թեւակոխում է նոր փուլ»,- նշեց Շարմազանովը:
Անդրադառնալով ԼՂ հիմնահարցի կարգավորմանը՝ ԱԺ փոխնախագահը նկատեց, որ Ստրասբուրգում Թուրքիայի ադրբեջանասեր փեսա Ուոլթերի զեկույցի տապալումը բառի բուն իմաստով մեծ հարված էր ալիեւյան կեղծ քարոզչությանը: «Գործը հասել է նրան, որ Ադրբեջանը բացահայտ մեղադրանք է հնչեցնում Մինսկի խմբի համանախագահ երկրների հասցեին եւ անցնելով Ռուբիկոնը՝ նրանց մեղադրում է կրոնական անհանդուրժողականության մեջ:
Ադրբեջանի փորձերը՝ ղարաբաղյան հիմնահարցին տալ կրոնական երանգ, անթույլատրելի են եւ պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից: Կարծում եմ, որ սա հերթական ադրբեջանական ավանտյուրան է, որը չի կարող ունենալ ապագա, ինչպես ապագա չունի թուրքական ժխտողականությունը»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը: