Արցախի Հանրապետության անկախության հռչակման նախաշեմին շատ կարևոր էր ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը: Այս մասին Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի բացման արարողության ժամանակ ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: «Սա շատ կարևոր քաղաքական, իրավական և բարոյական քայլ էր Միացյալ Նահանգների ամենահզոր նահանգի կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
ԼՂՀ նախագահը խորին շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ում շնորհիվ հնարավոր եղավ կյանքի կոչել այս կարևոր քայլը: «Մեր բոլոր հաջողությունները Հայաստան-Արցախ-Սփյուռք անսասան միասնության արդյունք են: Վստահ եմ, որ այսուհետ էլ համատեղ ուժերով լուծելու ենք մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները, որոնք պետք է քննարկվեն նաև նման համաժողովի ժամանակ»,- ասաց Սահակյանը:
Նա ընդգծեց, որ համաժողովի օրակարգում ընդգրկված թեմաները հրատապ են և կարևոր նշանակություն ունեն գաղափարախոսական և մարտավարական տեսանկյունից: «Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում քաղաքական, տեղեկատվական, մշակութային, գիտատեխնիկական և այլ ոլորտներում համատեղ աշխատանքի իրականացման գործում: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ մաղթում եմ արդյունավետ աշխատանք և մեծագույն հաջողություններ՝ հանուն հայոց պետականության զորացման և մեր համազգային նպատակների իրականացման»,- եզրափակեց Սահակյանը: