ՀՀԿ-ում ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռ չկա
ՔաղաքականՀայաստանի Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստում մանրամասն քննարկել է նոր ընտրական օրենսգիրքը, սակայն վերջնական համաձայնություն դեռ չկա:
Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Դուք գիտեք, որ սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում այսուհետ գործելու է միայն համամասնական ընտրակարգը, ուստի սա պահանջում է բազում հարցերի համաձայնեցում: Այստեղ կան ռազմավարական, ծրագրային, տեխնիկական խնդիրներ, որոնք մենք քննարկման առարկա ենք դարձրել»,- նշեց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ նոր ընտրական օրենսգքրի վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռ չի ձևավորվել, քանի որ այն լուրջ փաստաթուղթ է, որը շատ լուրջ ու մանրամասն քննարկումներ է պահանջում: Նրա խոսքով՝ կան բազմաթիվ առաջարկներ, որոնք դեռ պետք է մանրամասն քննարկվեն:
«Մենք շարունակում ենք աշխատել այդ լուրջ փաստաթղթի վրա»,- եզրափակեց նա:
Հայաստանում Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2015թ. դեկտեմբերի 6-ին: Հայաստանն անցում է կատարելու կառավարման խորհրդարանական մոդելին: