Արթուր Եդիգարյանը կարիերան կշարունակի « Ալաշկերտ »-ում
Սպորտ«Ալաշկերտ»ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պարզաբանումներով՝ կապված Անթալիայում Կարագանդայի «Շախտյոր»-ի կազմում թիմի անդամ Արթուր Եդիգարյանի խաղերից մեկի մասնակցությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայկական ակումբի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, «Շախտյոր» ակումբի ղեկավարությունը դիմել էր «Ալաշկերտ» -ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին, որպեսզի Արթուր Եդիգարյանը փորձաշրջան անցնի իրենց թիմում: Հայկական կողմը չէր մերժել խնդրանքը եւ թույլ էր տվել, որպեսզի Եդիգարյանը 45 րոպե մասնակցի «Շախտյոր»-ի ստուգողական խաղին:
«Հարկ ենք համարում ընդգծել, որ «Ալաշկերտ» ակումբի քաղաքականությունն այս հարցում միանշանակ է՝ ընդառաջել ֆուտբոլիստին կարիերայի լավագույն շարունակության առաջարկի դեպքում: Սակայն տեղափոխությունը ղազախական թիմ չկայացավ: Հնարավոր է, Արթուրը դեռևս լավագույն մարզավիճակ ձեռք չի բերել: Ինչևէ, նա երկամյա պայմանագիր ունի «Ալաշկերտ»-ի հետ, մարզվում է մեր թիմի ճամբարում և կարիերան կշարունակի «Ալաշկերտ»-ում»,- ասված է պարզաբանման մեջ: