Թեհրանը հայտարարել է Էր Ռիյադի հետ համագործակցելու պատրաստակամության մասին
ՄիջազգայինԻրանը պատրաստ է համագործակցել Սաուդյան Արաբիայի հետ:
Ինչպես հաղորդում ՝ Արմենպրեսը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle ռադիոկայանը, այս մասին Մյունխենում անվտանգության համաժողովում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը: Գերմանական ռադիոն Զարիֆի այդ հայտարարությունը Էր Ռիյադին Թեհրանի կողմից արված «անսպասելի ժեստ» է բնութագրել:
Զարիֆի խոսքով` Իրանն ու Սաուդյան Արաբիան պետք է մի կողմ դնեն անցյալում ունեցած լարվածությունը եւ միասին աշխատեն Մերձավոր Արեւելքում եւ Սիրիայում կայունության վերականգնման համար:
«Ստեղծված իրավիճակը մեզ պարտավորեցնում է գործել միասին», -ասել է նա` խոսքն ուղղելով Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներին:
«Իրանն ու Սաուդյան Արաբիան չեն կարող միմյանց դուրս թողնել տարածաշրջանից: Մենք պատրաստ ենք աշխատելու Սաուդյան Արաբիայի հետ: Հավատում եմ, որ Իրանն ու Սաուդյան Արաբիան Սիրիայում ընդհանուր հետաքրքրություններ ունեն եւ հանուն դրանց աշխատելու են միասին», -ընդգծել է իրանցի նախարարը: