Լիբիայում մաքսանենգ վառելիք փոխադրող ադրբեջանցիներ են ձերբակալվել
ՄիջազգայինԼիբիայում առափնյա անվտանգության ուժերը կանգնեցրել են 1,7 մլն լիտր մաքսանենգ վառելիքով բեռնված «Նավապետ Խայամ» բեռնանավը եւ անձնակազմի 12 անդամների հետ տարել Տրիպոլիի նավահանգստի ռազմածովային բազա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Frans Press գործակալությունը, ԶԼՄ-ներին հայտնել է Լիբիայի առափնյա անվտանգության ուժերի պաշտոնյա Աբու Այիլան:
Նշվում է, որ բեռնանավի անձնակազմի անդամները Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի քաղաքացիներ են:
«Նավապետ Խայամ» բեռնանավը լողում է Սիեռա Լեոնեի դրոշի ներքո: Այն փետրվարի 13-ին Տրիպոլիից մեկնում էր Մալթա: Բեռնանավը պատկանում է Թուրքիայի «Սայգի ծովագնացություն եւ էլեկտրականություն» ընկերությանը: Այն անվանվել է նավապետ Խայամ Մամեդովի անվամբ, ով 2012 թվականին զոհվել էր Ալբանիայի ափերին: