Օզբիլիսը պատրաստվում է «Բետիսի» հետ խաղին
Սպորտ«Ռայո Վալյեկանոյի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մարզվում է ընդհանուր խմբում և թիմակիցների հետ պատրաստվում է Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Բետիսի» հետ արտագնա խաղին:
«Ռայո Վալյեկանոյի» մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Պակո Խեմեսի սաներն այսօրվա մարզման ժամանակ հիմնականում ֆիզիկական աշխատանք են կատարել և երկկողմանի հանդիպում են անցկացրել. հաղթել է պայմանական «կապույտ» թիմը, որի կազմում եղել է նաև Օզբիլիսը:
Հիշեցնենք, որ «Բեշիքթաշից» «Ռայո Վալյեկանո» վարձակալությամբ տեղափոխվելուց հետո Օզբիլիսն իսպանական թիմում դեռ ոչ մի խաղի չի մասնակցել: Գլխավոր մարզիչ Պակո Խեմեսը վերջերս հայտարարել էր, որ գոհ չէ հայ ֆուտբոլիստի ֆիզիկական պատրաստվածությունից, և նա դեռ չի կարող պայքարել մեկնարկային կազմի ֆուտբոլիստների հետ:
Հավելենք, որ «Բետիս»-«Ռայո Վալյեկանո» հանդիպումը կայանալու է փետրվարի 27-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:30-ին: Այժմ «Բետիսն» ունի 27 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը, իսկ «Ռայոն» 16-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 25 միավոր: