Արծվիկ Մինասյանը խնդրում է իրեն ժամանակ տալ
ՔաղաքականՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը խնդրում է իրեն ժամանակ տալ և իր գործունեության արդյունքները տեսանելի կլինեն: Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում պատասխելով հարցին, թե ինչ հեղափոխական փոփոխություններ է կատարելու Հայաստանի տնտեսությունում՝ Մինասյանն ասաց. &laqu o;Ինձ ժամանակ տրամադրեք, ծանոթանամ ինչ ծրագրեր կան, ինչ է կատարվել, դրանից հետո առաջարկները՝ հիմնված թե համաձայնագրի, թե նախագահի ելույթի հիմնական մոտեցման վրա, կհրապարակենք: Խնդրելու եմ ձեզ, որ մեզ աջակցեք մեր գործունեության ընթացքում»:
Լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանի տնտեսության առողջացման համար էական քայլեր չեն արվում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ համամիտ չէ այն քաղաքական գնահատականին, թե ոչ մի քայլ չի իրականացվում: «Մենք կարող ենք խոսել ձեռնարկված գործողությունների արդյունավետության չափի, մակարդակի մասին, նոր գործողությունների մասին: Դրա համար եմ ասում՝ սպասեք, շատ չէ: Ես կծանոթանամ համակարգին և դրան համապատասխան հրապարակային կլինեն բոլոր ծրագրերը և գործողությունները», - ասաց նորանշանակ նախարարը:
Անդրադառնալով նախարարությունում կադրային փոփոխություններին, Արծվիկ Մինասյանն ասաց՝ ընդամենը մեկ ժամ է, որ ներկայացվել է որպես նախարար, ուստի կոչ արեց մի փոքր սպասել: