Աբրահամ Խաշմանյան. Միայն մեկ անհանգստացնող հանգամանք կա
ՍպորտԵրևանի «Ալաշկերտը» երեկ վերադարձել է Անթալիայից, ուր անցկացնում էր ուսումնամարզական վերջին հավաքը: Պատրաստության ավարտական աշխատանքների մասին armsport.am-ի հետ զրույցում իր դիտարկումն է հայտնել Բարձրագույն խմբի գործող առաջատարի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:
«Անթալիայում 2-րդ հավաքը շատ լավ անցավ, ամեն ինչ ընթացավ ըստ ծրագրվածի: Ընկերական հանդիպումներով հասկացանք, որ արդեն խաղային ռիթմում ենք:
Միակ անհանգստացնող հանգամանքը նորեկների ֆունկցիոնալ վիճակն է. դա բնական է: Արթուր Եդիգարյանը, Արթուր Ավագյանը և Գագիկ Պողոսյանը ոչ լավ վիճակում են միացել մեզ: Կարծում եմ՝ դա ժամանակի հարց է, երեքն էլ մոտ ժամանակահատվածում կկարողանան վերադառնալ շատ լավ մարզավիճակի»:
Խոսելով 16-րդ տուրում «Գանձասար Կապանի» դեմ հանդիպման մասին՝ Խաշմանյանը հավելել է. «Բոլորիս լավ հանդիպում է սպասվում: «Գանձասար Կապանը» ուժեղ կազմով հիանալի թիմ է: Ցանկանում եմ ընդգծել նաև պրոֆեսիոնալ և բարձրակարգ գլխավոր մարզչի գործոնը: Մենք հարգում ենք բոլոր թիմերին և յուրաքանչյուրի դեմ խաղին լրջորեն ենք պատրաստվում»: