Հուշամրցում` նվիրված ճանաչված բռնցքամարտիկին
ՍպորտԳեղարքունիքի մարզի սպորտային միջոցառումների ցանկը համալրվեց ևս մեկով: Առաջին անգամ անցկացվեցին մարզի պատանի և երիտասարդ բռնցքամարտիկների մրցումներ` նվիրված հանրաճանաչ բռնցքամարտիկ, Հայաստանի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ Վալերի Մնացականյանի հիշատակին:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին ասաց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի հավաքականի ավագ մարզիչ Մարատ Կարոյանը, առաջնությանը մասնակցում էին երկու տարիքային խմբի բռնցքամարտիկներ: 15-16 տարեկան պատանիները մրցում էին 12 քաշային կարգերում, իսկ 17-18 տարեկանները` 7 քաշային կարգերում: Ուրախալին այն էր, որ հուշամրցումներին մասնակցում էին մարզի ոչ միայն քաղաքների, այլ նաև գյուղական համայնքների ներկայացուցիչներ` ավելի քան 60 բռնցքամարտիկներ:
Ի թիվս այլ պարգևների` վիճարկվեց նաև գլխավոր մրցանակը: Դա 64 կգ քաշային կարգում հաղթողի համար սահմանված հատուկ մրցանակն էր: Ժամանակին այդ քաշային կարգում է հանդես եկել Վալերի Մնացականյանը: Մրցանակը շնորհվեց այդ քաշային կարգում հաղթող ճանաչված Տոնի Գալստյանին (գյուղ Լիճք):
Վերջում ուզում եմ երախտիքի խոսք ասել սևանցի գործարար Վահագն Մանուկյանի հասցեին, ով հոգացել էր հուշամրցաշրջանի ֆինանսական խնդիրները:
Առաջնության արդյունքներով կազմվեց Գեղարքունիքի մարզի հավաքականը, որն առաջիկայում մարզի սպորտային պատիվը կպաշտպանի Հայաստանի առաջնություններում:
Խոսրով Խլղաթյան