Համաշխարհային մտավոր խաղերի շրջանակներում ավարտվել է կայծակնային շախմատի մրցաշարը
ՍպորտՉինաստանի Հուան Ցյան քաղաքում մարտի 1-ին ավարտվել է Համաշխարհային մտավոր խաղերի շրջանակներում անցկացվող կայծակնային շախմատի մրցաշարը:
Կայծակնային շախմատում 30 տուրերի արդյունքում Գաբրիել Սարգսյանը հավաքել է 12,5 միավոր եւ զբաղեցնում է 12-րդ տեղը: Սերգեյ Մովսիսյանը 11,5 միավորով՝ 14-րդն է: Կանանց մրցաշարում Լիլիթ Մկրտչյանը 9,5 միավորով 15-րդ տեղում է:
Տղամարդկանց մրցաշարում հաղթող դարձավ Ռաուֆ Մամեդովը, 2-րդ հորիզոնականը բաժին հասավ Եվգենի Տոմաշևսկուն, իսկ Պենդալա Հարիկրիշնան եզրափակեց լավագույն եռյակը: Կանանց մրցաշարում հաղթեց Կատերինա Լագնոն, իսկ Վալենտինա Գունինան, ով մրցաշարային առաջին օրը 10 հնարավորից վաստակել էր 10 միավոր, արդյունքում՝ դարձավ միայն երկրորդը, լավագույն եռյակը եզրափակեց Անտոանետա Ստեֆանովան:
Մարտի 1-ին շախմատիստները ուժերն են չափել նաեւ արագ շախմատում: Գաբրիել Սարգսյանը 7 տուրերից հետո հավաքել է 3,5 միավոր եւ զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը, Մովսիսյանը՝ 1,5 միավորով՝ 16-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը 1,5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Մարտի 2-ին կկայանա արդեն բասկյան շախմատի մրցաշարը, որտեղ շախմատիստները խաղում են միաժամանակ երկու գույնի խաղաքարերով պարտիաներ: Կիրառվում է շվեյցարական մրցակարգ: Շախմատիստները կխաղան 5 տուր: